Armenien-Fonds Hayastan-Fonds e.V.
 
Gemeinnütziger Verein

«Հայաստան» հիմնադրամի ծրագրերի միջանկյալ կարգավիճակը 2023թ

Սիրելի հայրենակիցներ, նվիրատուներ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեկամներ,

Արցախն արտաքին աշխարհից կտրված է 2022թ. դեկտեմբերի 12-ից։ Ադրբեջանը փակել է դեպի Հայաստան տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, առանց որևէ պատճառաբանության խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Այս բացահայտ արհամարհանքը մարդկային կյանքերի նկատմամբ հանգեցնում է մեծ հումանիտար աղետի տարածաշրջանում. այսօր Արցախին չի բավականեցնում դեղորայք, սնունդ, էներգիա և շատ այլ ապրանքատեսակներ:
Չնայած խաղաղ լուծում գտնելու բոլոր ջանքերին, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Հուսով ենք, որ շուտով իրավիճակից խաղաղ ելք կգտնվի։ Մենք Հայաստանի մեր գործընկեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գերմանիայի տարբեր միությունների և համայնքների հետ կանոնավոր կապի միջոցով փորձում ենք տեղացիներին օգնելու ուղիներ փնտրել:

Այս իրավիճակն ավելի է բարդացնում մեր հիմնադրամի գործունեությունը։ Տարածաշրջանում ապագան մնում է շատ անորոշ։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ մեր առաքելության վրա, քանի որ հատկապես պատերազմից տուժած մարդիկ մեր աջակցության կարիքն ունեն:
Ուրախ ենք տեղեկացնել, որ ձեր նվիրատվությունների շնորհիվ 2023թ. մարտին մենք կարողացանք սկսել «Ռոբոտաշինություն երեխաների համար» ծրագիրը։ Բացի այդ մենք կարողացանք նաև հրատապ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Սիրիայի հայ համայնքին։ Եվ ի վերջո, մենք նյութապես աջակցեցինք նաև Բարտենբախի (Գյոպինգենի) հայկական եկեղեցու վերանորոգմանը։

Այս լրահոսով մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել վերոնշյալ նախագծերի մասին և մեր գործունեությունից լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել:

Հարգանքներով
Ձեր վարչություն


Ռոբոտաշինության ծրագիրը երեխաների համար արդեն մեկնարկել է

2023թ. «Հայաստան» հիմնադրամը SmartArmenia-ի հետ համատեղ նախաձեռնեց «Ռոբոտաշինություն երեխաների համար» կրթական ծրագիրը։ Այն անվճար է 2020թ. 44-օրյա պատերազմից տուժած երեխաների համար։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 36 մասնակից։ 2023թ. հունիսին Հայաստան կատարած մեր այցի ընթացքում մենք այցելեցինք դասասենյակ և մասնակցեցինք դասընթացներին։ Մասնակիցների մոտիվացիան ահռելի է. Նրանք այնքան ոգևորված են, որ ցանկանում են դասերից հետո ավելի երկար մնալ և միասին նոր գաղափարներ մշակել:

Մասնակիցները բաժանված են 4 խմբի: Մի խումբը խելացի ջերմոց է մշակում, մեկ այլ խումբ էլ մշակում է խելացի աղբամաններ:
Հետևեք նախագծին մեր ֆեյսբուքյան էջում։ Մենք շարունակաբար կհրապարակենք նոր տեղեկություններ դասընթացների մասին։


Ֆինանսական աջակցություն Բարտենբախի հայկական եկեղեցուն

«Հայաստան» հիմնադրամը 2023թ. սկզբին 5000 եվրոյի չափով աջակցեց Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցու թեմին, որը 2018թ. Բարտենբախում (Գյոպինգենի մոտ) խորհրդանշական 1 եվրոյով պետությունից գնել էր եկեղեցու շենքը՝ վերանորոգման պայմանով։ Պետության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել է եկեղեցու արտաքին մասը։ Ներսում դեռ վերանորոգման կարիք կա։

Իր էկումենիկ պատմությամբ եկեղեցին դարձել է բողոքական, կաթոլիկ, ռումինացի և հայ քրիստոնյաների տուն, սակայն այն բաց է նաև համերգների, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար։ Այդ վայրը կմիավորի մարդկանց:

Մենք ուրախ ենք, որ ձեր նվիրատվությունների շնորհիվ կարողացանք իրականացնել այս աջակցությունը: Որովհետև մենք ցանկանում ենք հզորացնել մեր համայնքը Գերմանիայում և ցանկանում ենք աջակցել հայկական մշակույթի ճանաչմանը այլ մշակույթների կողմից:

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքին մաղթում ենք ամենայն բարիք և մեծ հաջողություններ վերանորոգման իրականացման գործում: Եթե ցանկանում եք ուղղակիորեն աջակցել ծրագրին, կարող եք լրացուցիչ տեղեկություններ գտնել այստեղ:

Հրատապ օգնություն Սիրիայի հայերին 2023թ. փետրվարի երկրաշարժից հետո

Փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որն էլ ավելի է խորացրել երկրում շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի և Քեսաբի հայկական կրթական հաստատություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների կողմից (Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ) 140,000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրվել 1163 ուսուցիչներին և տեխնիկական անձնակազմին (26 կրթական կենտրոններում), ինչպես նաև երկրաշարժից տուժած երեք հայկական կրթական հաստատությունների վերանորոգման համար (Կարեն Ջեփփեի հայկական վարժարանը, Կիլիկյան վարժարանը և Ս.Օ. Խաչ որբանոցը):

Վնասվել են Հալեպի հայկական կրթական հաստատությունների և եկեղեցիների շենքերը, այդ թվում՝ Քարեն Ջեփփեի հայկական վարժարանը, Կիլիկյան վարժարանը և Ս.Օ. Խաչ մանկատուն: Հետևաբար, աջակցության մի մասը կհատկացվի այդ շինությունների վերանորոգման նպատակով:
Անհետաձգելի մարդասիրական օգնությունը բաշխվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ և եկեղեցու ու հայ համայնքի կազմակերպությունների ներգրավմամբ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր աջակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և ամուր կանգնած է սիրիահայերի կողքին:


 

Տպավորություններով լի շաբաթ Հայաստանում

 

(գրել է Ռազմիկ Տիշչէքէնեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ)

2018 թվականից ի վեր սա իմ առաջին այցն էր Հայաստան։ Դրանից հետո երկրում շատ բան է փոխվել՝ և դրական, և բացասական իմաստով։ Ուստի ճամփորդությունը հատկապես հետաքրքիր էր ինձ համար:

Հենց օդանավակայանում ինձ սպասում էր «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի աշխատակիցներից մեկը՝ Խաչոն։ Նույնիսկ իմ թռիչքի մեկ ժամ ուշացումը կեսգիշերից հետո նրա համար խնդիր չէր. «Ոչինչ»(հոգ չէ),- պատասխանեց նա։ Հյուրանոց գնալու ճանապարհին ինձ ամենաշատը ցնցեց առաջին տեսարանը՝ Եռաբլուր պանթեոն։ Այստեղ հազարավոր հայկական դրոշներ էին ծածանվում՝ նվիրված վերջին 44-օրյա պատերազմում Արցախում զոհված երիտասարդ զինվորների հիշատակին։ Հյուրանոց գնալու ճանապարհին Խաչոն ինձ շատ է պատմել պատերազմի դաժանությունների մասին։ Բայց նրա, ինչպես նաև երկրում շատերի, երկիրը պաշտպանելու և խաղաղ կյանք ստեղծելու կամքը մեծ է։

Վաղ առավոտ էր, երբ հասա հյուրանոց։ Մի քանի ժամ քնելուց հետո, նախաճաշի սրահում հանդիպեցի իմ հին ընկերոջը՝ Ավետիսին, Շվեյցարիայի տեղական մարմնի երկարամյա ատենապետին: Անմիջապես հանդիպեցի մի քանի ծանոթ դեմքերի։ Բայց կային նաև նոր անձինք, որոնց հետ ընկերական հարաբերություններն արագ զարգացան։

Կեսօրին մենք կարճ ազատ ժամանակ ունեցանք։ Որոշեցինք օգտագործել ժամանակն ու ուղիղ գնալ «Զինվորի տուն»՝ զինվորների վերականգնողական կենտրոն Երեւանում։ Տպավորիչ էր, թե ինչպես է աշխատում կազմակերպությունը։ Բազմաթիվ աշխատակիցներ տարիների ընթացքում օգնում են հազարավոր երիտասարդ զինվորների և տալիս նրանց ապագայի նոր հնարավորություն:

Երեկոյան հանդիպեցինք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի աշխատակիցների հետ։ Բացի հին ընկերներից, կային նաև նոր կոլեգաներ։ Մենք կիսվեցինք մեր կարծիքներով վերջին մի քանի տարիների իրադարձությունների մասին,անդրադարձանք տարբեր թեմաների՝ պատերազմի ժամանակ ով էր ստիպված առաջնագիծ գնալ, հատկապես ինչն է մեզ հուզել մեր շրջապատում, ինչպես նաև զրուցեցինք երկրի քաղաքական թեմաներից։ Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ բոլորս նույն նպատակն ունենք, բայց ճանապարհները տարբեր են։ Ուստի երկրի այս դժվարին ժամանակներում կարևոր է զրուցել միմյանց հետ և լսել կարծիքներ։

Հաջորդ օրը մենք ծանոթացանք «Սմարթ Արմենիա»-ի հետ համատեղ մեր նոր նախագծի՝ ռոբոտաշինության խմբակի հետ: Այստեղ սովորում են 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած կամ պատերազմի հետրանքով Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ: Ծրագիրը ներառում է 4 տարիքային խմբեր: Այցի պահին դասարանում էին ամենամեծ տարիքային խմբի 13-15 տարեկան երեխաները։ Տպավորիչ էր, թե որքան լրջորեն էին նրանք վերաբերվում դասերին և խանդաոառությամբ կատարում ուսուցչի հրահանգները։ Թեման հատկապես կարևոր է երեխաների համար. այն սովորեցնում է նրանց ծրագրավորել և խրախուսում է մանկուց ստեղծագործել այս կարևոր ՏՏ ոլորտում:

Մեր տարեկան հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը, հունիսի 24-ին։ Օրակարգում էին Հիմնադրամի ավարտված ծրագրերի ներկայացումը, անցած տարվա ֆինանսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեն, ապագա ծրագրերը, կանոնադրության արդիականացումը, պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունների նպատակային օգտագործման քննարկումը և Արցախում տիրող իրավիճակը։ Շատ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսը մեծապես կախված են տարածաշրջանի քաղաքական զարգացումներից։

Կիրակի օրը եղանք Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում (Երևանից 60 կմ արևմուտք), որտեղ Հիմնադրամը Արցախի և Քաշաթաղի տեղահանված ընտանիքների համար կառուցում է 12 շենք և մանկապարտեզ։ Այնուհետև ճանապարհը շարունակեցինք դեպի հյուսիս՝ մեր Գյումրին։ Այստեղ Հիմնադրամը վերջին տարիներին 36 ընտանիքների համար կառուցել է 2 շենք և մանկապարտեզ։ Եվս 2 շենք կկառուցվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Նպատակն է հնարավորինս շատ ընտանիքների արժանապատիվ ապրելու պայմաններ ընձեռել՝ փոխարինելով տնակները հաարմարավետ բնակարաններով:
Երկուշաբթի օրը մեզ երկար ճանապարհ էր սպասվում դեպի երկրի հյուսիս-արևելք՝ Տավուշի մարզ։ Այնտեղ այցելեցինք Նոյեմբերյանի հիվանդանոց, որի շենքը կառուցվել է 1960-ականներին։ 2010 թվականին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի, ինչպես նաև Շվեյցարիայի, Լիբանանի և Ավստրալիայի տեղական մարմինների ֆինանսական աջակցությամբ այն վերանորոգվել և համալրվել է տարբեր բժշկական սարքերով: Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինն այս պահին ինֆեկցիոն և մանկական բաժանմունքների համար կառուցում է ևս մեկ շենք։

Այնուհետև եղանք Ադրբեջանի հետ սահմանամերձ Բերքաբեր գյուղում։ Այստեղ Հիմնադրամը համալրել է գլխավոր փողոցները արևային էներգիայի լուսավորությամբ։ Բացի այդ, մանկապարտեզն ու 38 տուն ֆոտովոլտային սարքերի միջոցով ապահովված են տաք ջրով։ Ինչպես նաև հողագործներն արդեն օգտվում են Հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ոռոգման ցանցից։ Նպատակը պարզ է՝ աջակցել տեղաբնակներին, ապահովել նրանց անվտանգությունը, կանխել արտագաղթը։

Վերջին օրը այցելեցինք Երևանի Նորքի տուն-ինտերնատ։ Ծերանոցը վերանորոգվել է Տորոնտոյի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի միջոցներով։ Այժմ տուն-ինտերնատում 207 տարեց արժանապատիվ կյանք է վարում։ Նրանց թվում է Հալեպից 98-ամյա Հակոբը։ Նա շատ ուրախացավ մեր այցից և պատմեց, թե ինչպես է Հալեպի տոկուն հայկական համայնքը ողջ մնացել:

Անմոռանալի 7 օրերից հետո ավարտվեց իմ ճանապարհորդությունը Հայաստանում: Ես ծանոթացա շատ հաճելի մարդկանց հետ և լսեցի բազմաթիվ պատմություններ: Այնուամենայնիվ, կա մի բան, որ ես չկարողացա լսել՝ Արցախի հայերի ձայնը։ Հուսով եմ, որ իմ հաջորդ այցի ժամանակ կավարտվի Արցախիի շրջափակումը, և ես հնարավորություն կունենամ այցելել նաև այդ տարածաշրջան։


Շնորհակալական նամակ Պատարա (Ասկերան, Արցախ) ուսանողներից

2022թ. վերջին Պատարա (Արցախի Ասկերանի շրջան) դպրոցականները հաճելի շնորհակալական նամակներ ուղարկեցին մեր վարչությանը։ Հիշեցնում ենք, որ ձեր նվիրատվությունների շնորհիվ «Հայաստան» հիմնադրամը հնարավորություն է տվել Արցախի չորս դպրոցներում ներդնել շուրջօրյա դպրոցական ծրագիր։ Դրանց թվում է Պատարայի դպրոցը։

Այստեղ դուք կարող եք գտնել ավելի շատ տեղեկություններ շուրջօրյա դպրոցի և Պատարայի աշակերտների նամակների մասին:


2022թ. նվիրատվության անդորրագրերն արդեն ուղարկվել են

2023թ. հունվարին մենք էլեկտրոնային փոստով կամ նամակով ուղարկել ենք 2022թ. նվիրատվության անդորրագրերը:
Armenia-Fonds Hayastan-Fonds e.V.-ն ազատված է շահութահարկից, քանի որ այն տրամադրում է օգնություն զարգացման նպատակով, ուստի նվիրատվությունները հարկման ենթակա չեն:

Եթե դեռ չեք ստացել անդորրագիր, խնդրում ենք կապվել մեզ հետ:


Լավ ֆինանսական տարի 2022 թ

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հիմանդրամը 2022թ. առատ նվիրատվություններ է ստացել։ Մեր հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 64,303 եվրո: Այսինքն մենք զգալի աճ ունենք 2019թ. համեմատ. այն ժամանակ հավաքվել էր շուրջ 54,481 եվրո։ Չնայած որ արդյունքը գոհացուցիչ է, անելիքներն էլ ավելի են շատացել, և մենք հուսով ենք, որ ձեր շնորհիվ տարեցտարի ավելին ենք անելու կարիքավոր հայ համայնքներին օգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին։ Մենք հատկապես զգում ենք ձեր աջակցությունը հեռախոսամարաթոնի ընթացքում։ Այս գումարը մենք օգտագործելու ենք 2023 թվականի համար նախատեսած ծրագրերն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ մեր կանխիկ ծախսերը կարողացել են մնալ ցածր մակարդակի վրա՝ 8712 եվրո:
2022 թվականի տարեկան զեկույցի, ինչպես նաև նախորդ տարիների մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել առցանց: